Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումն ավելի է բարդացրել իրավիճակը. Բայրամով

Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2024

Լուսի Հովհաննիսյան
3 շաբաթ առաջ

Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումն ավելի է բարդացրել իրավիճակը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Վերջին շրջանում Հայաստանի բերած փաստարկները մեզ չեն կարող բավարարել, իսկ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը գործն ավելի է բարդացրել, որի հիմքում դրված է Սահմանադրության նախաբանը չփոխելու և նախաբանին հղում չկատարելու մասին դրույթը։ [Սահամանդրության] նախաբանում Հայաստանի Անկախության հռչակագրին հղում կա, և այդ փաստաթուղթն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի տեքստի նախաբանը և 15 հոդվածներն արդեն համաձայնեցվել են. «Խաղաղության պայմանագրի երկու հոդվածի վրա դեռ աշխատում ենք»։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը խոսել է նաև Ադրբեջան-Նախիջևան կապի ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին։

«Ճանապարհի հարցում ադրբեջանական կողմը շարունակում է աշխատանքները և արդեն վերջացրել է երկաթուղային հատվածի մեծ մասը։ Մնացած հատվածի աշխատանքները նույնպես շարունակվում են։ Զանգեզուրի միջանցքի բացման հարցը կախված է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումից, սակայն դրա հետ կապված վերջնական դրական որոշում չկա»,- ասել է նա։

Բայրամովը հիշեցրել է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապվելու համար աշխատանքներ է տանում նաև Արաքս գետի հատվածում՝ համաձայն Իրանի հետ պայմանավորվածության։

Սահմանադրական դատարանը 2024-ի սեպտեմբերի 26-ի իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում:

«Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»,- ասված է որոշման մեջ։